1/11/2016

Յաւերժ յիշատակ հայոց քաջերին



“Յաւերժ յիշատակ հայոց քաջերին,


Հայոց քաջերին՝ ֆիդայիններին,


Յանուն Հայաստան ընկած քաջերին,


Հայ զինուորներին՝ ֆիդայիններին”։






Երբ ուսումնական գնդում էի այս երգը մեր զօրամասի հիմնն էր։ Ես այն շատ սիրեցի։ Նրանում ամէն ինչ ասւում է պարզ , սեղմ, առանց աւելորդ պճնանքների։ Երգն առաջին անգամ լսելուց մտքովս պապս անցաը(մօրս հայրը): Նա ինձ համար իսկական ֆիդայու , Հայ զինուորի կերպար է ․․․ իսկական Հայի կերպար։


Դեռ 1960-ական թուականներին, երբ Հայաստանում խորհրդային կարգեր էին պապս մէկն էր այն Հայ երիտասարդներից , որոնց շնորհիւ տեղի ունեցաւ ազգային զարթոնք, մէկն էր անձնացից, որոնք պահանջում էին Խորհրդային իշխանութիւնից ընդունել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը, պահանջում էին հարգել Հայ ազգի վիշտը, ինչպէս նաեւ հարգել Հայ ազգային շահերը եւ որպէս Միութեան քաղաքացիների՝ պաշտպանել Հայոց շահերը միջազգային հանրութեան առաջ։ Իսկ 1990-ականներին, երբ սկսուել էի Հայ-ազերական պատերազմը, պապս մէկն էր այն նուիրեալ ռազմիկներից, որոնք մէկնեցին ռազմաճակատ։ Նա ռազմաճակատում էր իր եղբայրների հետ միասին։


Պապս նոյնպէս հրէտանաւոր էր , ինչպէս եւ այժմ ես (յետաքրքիր է , որ ես բանակ եմ եկել ծառայութեան հենց նոյն ամսին, նոյն օրը, ինչ ամիս եւ օրի պապս գնացել էր խորհրդային բանակ ծառայութեան) ։ Համոզուած եմ , որ պապս կռուել է քաջաբար, խիզախօրէն, իր անուանը համապատասխան, որպէս իրական Ռազմիկ։ Այո, պապս իրօք , որ հերոս է, քանզի նա այն եզակի մարդկանցից է , որ ազնուօրէն մասնակից են դարձել պայքարին յանուն ազգի բարորութեան իրենց ողջ գիտակից կեանքի ընթացքում։ Եւ այդ պայքարում պապս կորուստներ էլ է ունեցել․ պատերազմի յետեւանքով վիրաւորումից մահացաւ նրա եղբայրներից մէկը՝ Ռադիկը։


Պապս շատ է սիրում իր Հայրենիքը՝ Հայաստանը, այնքան է սիրում , որ անգամ տեսնելով իր եւ միւս ազատամարտիկների վաստակի չգնահատուածութիւնը , նա երբէք անգամ որեւէ վատ բառ իսկ չի արտաբերել ոչ երկրի, ոչ ազգի հասցէին, ինչպէս դա անում են ոմանք, որոնք անգամ ազգի անունը հնչեցնելու իրաւունք չունեն, բայց ինչը եւ մենք կարող ենք հանդիպել յաճախ։


Մի անգամ կատակով ասացի , թէ պապ ինչի՞ ենք առ հասարակ կպել երկրին, գնանք երկրից ու մի այլ տեղ առօք-փառօք ապրենք, իսկ նա առանց իսկ աչքերի ուղղութիւնը փոխելու հանդարտօրէն ասաց, թէ տղայ, այլ տեղից Մասիսը այսպէս գեղեցիկ չի երեւում, եւ առ հասարակ չի երեւում, ուրիշ տեղ Մասիս չկայ։ Ամաչեցի ասածիցս։ Ինձ թուաց իմ արտայայտութեամբ ես վիրաւորել եմ նրան․․․ այդպէս էլ կար։


Մի ուրիշ դէպք էլ եղաւ՝ մի քանի շաբաթ առաջ․ հեռախօսովնրա հետ խօսելիս հարցրեցի , թէ արդէօք ինչն է պատճառը, որ տեսնելով տիրող իրավիճակն ու օր ըստ օրէ շատացումը գահակիր սրիկաների , նա դեռ շարունակում է սիրել էս ազգն ու երկիրը, իսկ նա․․․ նա վիրաւորուած (ես այդպէս զգացի) ասաց, որ նման հարցեր պէտք չէ տալ։ Երեւի դա լաւագոյն պատասխանն էր , որ կարող էի ակնկալել, լաւագոյն ուղենիշը յետագայում շատ բաներ ինքնորոյն հասկանալու համար ։


Պապս իրօք հերոս է, նա քաջ ֆիդայի է, նա․․․ ինձ համար իրական ռազմիկի , իրական Հայի կերպար է եւ ամէն անգամ “Հայ” ասելիս առաջինը հենց նրան եմ պատկերացնում՝ իմ քաջ, Հայ պապուն։


Էլ ինչպէ՞ս կարող եմ չպաշտել “Հայ” անունը, Հայ ազգը։


Յաւերժ յիշատակ Հայոց քաջերին․․․






21,Թ-22,Ժ/ՍԺԲթ․ (2012թ․)


Արցախ,Մարտունի

No comments:

Post a Comment