12/11/2016

«Մենք մայրաքաղաքներ շատ ենք ունեցել, ունեցել ենք ստիպուած, ունեցել ենք որովյետեւ նախկին մայրաքաղաքներն աւերուել են, հիմնահատակ արուել. Թող մեր կեանքն ընթանայ այնպէս , որ երեւանը լինի եւ մնա մեր վերջին մայրաքաղաքը»։

Երեւանի՝ Հայքի մայրաքաղաքի քաղաքապետարանում էի, արեւելեան սրահում կանգնեցուած քարէ քառանկիւն պրիզմայի վրայ փորագրուած էր վերը յիշատակուած նախադասութիւնը։ Փորձեցի մտովի տեղափոխուել անցեալ, պատմութեան խորքերը, պատմութեան դասագրքերից եւ այլ   աղբիւրներից յիշել մայրաքաղաքներ՝ հայկական մայրաքաղաքներ, որոնք աւերուել են ու հիմնահատակ արուել, ինչը ստիպել է լքել քաղաքը։ Փորձեցի յիշել քաղաքներ նաեւ, որ պիտի դադարած լինէին իրենց գոյութիւնը թէ բնական աղետների, թէ թշնամու յարձակումներից։
Փորձեցի ու մի քանի քաղաք մտաբերեցի, որոշ քանակութեամբ, որ աւերուել են, բայց ... Էդպէս էլ չմտաբերեցի որեւէ քաղաք, որ դադարած լինի գոյութիւնը, դրանք, եթէ ոչ վերակառուցուել, ապա հարակից տարածքում իբրեւ նոր աւան կամ գիւղ շարունակել են իրենց կեանքը, եռուզեռը, անգամ երկրաշարժեր տեսած քաղաքներ նորէն վերականգնուել են, նորէն շունչ ստացել։
Դատելով հեղինակի տողերից կարելի է «ստիպուած» բառի տակ առաւելապէս հասկանալ թշնամու կողմից ենթարկուած աւերածութիւնները, «հիմնահատակ արուել» արտայայտութեան տակ եւս հասկանալի է մարդածին գործոն, թշնամու ներգործութիւն. որքան խեղճութիւն ու ողորմութիւն աղերսող են այս տողերը, որ ողբում են մեր «դժբախտ» անցեալը, մեր թալանուած ու ճնշուած տեսակը, մեր «հալածանքները» մարդկանց ու բնութեան կողմից
Ապա փորձեցի յիշել մայրաքաղաքները... Ոչ մի՛, ոչ մի մայրաքաղաք չի դադարել իր գոյութիւնը աւերման կամ գրաւման պատճառով։  Եթէ միայն Կիլիկեան Սիսը հաշուի չառնենք, որ երբեւէ գրաւուել է ու այլեւս չի ազատագրուել թշնամուց, սակայն չի դադարել իր կեանքը, շարունակելով իր քաղաքային ֆունկցիան եւ երկար տարիներ իր ներսում պահել կաթողիկոսական գահը։ Ապա Տիգրանակերտը, որ գրաւուեց եւ ետ ազատուեց... շարունակեց կեանքը։
Ապա Արտաշատը, ապա Վաղարշապատը, ապա Անին, Կարսը, Վանը, Դունիը, Արմաւիրը (որո՞նք բաց թողեցի) սրանցից եւ ոչ մէկ չի յանձնուել թշնամում, սրանցից եւ ոչ մէկ չի աւերեւել հիմնահատակ, բացառութեամբ Անիի միւսները մինչ օրս շարունակում են շնչել, գուցէ որոշները հասկանալի պատճառներով ոչ հայկական շնչով, բայց դրանք կան, դրանք կանգուն են։ Անին էլ յայտնի է, որ աւերակնեի վերածուեց ոչ երկրաշարժերի ու մարդածին աւերածութիւնների պատճառով, այլ բնակչութեան կողմից նրա լքման, որից յետոյ այն գիւղի վերածուեց, ապա յետզյետէ դադարեց գոյութիւն ունենալ։
Ոչ մի մայրաքաղաք մենք չենք յանձնել հողին, չենք յանձնել թշնամուն ... Հասկանու՞մ էք, ոչ մի։
Յերթական ողբ կապելու ու լալու առիթ պէտք չէ ստեղծել, թէ մեր բախտն ամէնից դաժանն է ու աղաւաղել ճշմարտութիւնները, սերունդներին փոխանցելով կոտորուածի ու ջարդուածի հոգէբանութիւնն ու ոգին։
Ոչ, ես կասկածի տակ կը դնեմ անգամ վեցդարեայ բացակայութիւնը պետութեան, սուտ է ասում եմ ձեզ. յապա տեսէք Սասունն ու Զեյթունը, յապա Աղթամարը։
Պարտուա՞ծ ու ջարդուա՞ծ...
Սուտ է։
Բա՞խտն է դաժան...
Սուտ է։
Իւրաքանչիւր ժողովուրդ ինքն է տնօրինում իր բախտն ու ճակատագիրը, ինքն է այն կերտում փրկիչների սպասելու փոխարէն, հաւատալով սեփական ներուժին, սնուցուելով կենսական իր ներքին ոգէղենից...
Սակայն ի՞նչ ոգէղեն էք կերտում նման ողբագին տողերով, սգով ու լացով։

No comments:

Post a Comment