7/23/2015

Ի՞նչ է յեղափոխութիւնը

Ի՞նչ է յեղափոխութիւնը: Այսօր թէրեւս շատերը պատկերացում չունեն, թէ ինչ է յեղափոխութիւնը, իսկ շատերի պատկերացումները մոլորութիւններ են՝ նրանք անգամ զանազանել չեն կարողանում յեղաշրջումը յեղափոխութիւնից: Յեղաշրջումը այլ բան չէ քան իշխանափոխութիւն, լինի դա զինեալ, թէ խաղաղ ճանապարհով: Համեմատեմ պետութիւնը ծառի հետ. ինչպէս բոլոր ծառերը, պետութիւնը նոյնպէս ունի իր արմատները, բունը, ճիւղերը, տերեւները եւ պտուղները: Իշխանութիւնը ծառի բունն է, իշխանափոխութիւնը նրա բուժումը: Սակայն, եթէ մեր ծառը ունի ոչ միայն բնի հետ կապուած խնդիր կամ յիւանդութիւն, ապա բունը բուժելով մենք ծառը չենք փրկի, իսկ իշխանափոխութեամբ երկիրը ծարայեղ վիճակից չենք փրկի, այլ պարզապէս անկման ճանապարհում առաջնորդի փոփոխութիւն կունենանք: Ծառի յիւանդութիւնը շատ աւելի խորն է՝ յիւանդ են թէ նրա արմատները, թէ բունը, թէ ճիւղ, տերեւ ու պտուղ, իսկ ճիւղերից մէկի բուժմամբ միւս ճիւղերը չեն առողջանա եւ կամ ամբողջ ծառը: Եւ նման բան ակնկալելը նման է իշխանափոխութեամբ պետութեան խնդիրների վերացման ակնկալելուն: Ո՞րն է հարցի լուծումը: Ո՞րն է բուժումը: Կարծում եմ պատասխանը մէկն է. Յեղափոխութիւն: Հասա բուն նիւթին, բուն հարցադրմանը, որն արել էի վերեւում: Ի՞նչ է յեղափոխութիւնը. գլոբալ, համակարգային,ամբողջական բուժման գործողութիւն, սկսած արմատից մինչեւ պտուղները, անհրաժեշտութեան դէպքում հեռացնելով այն տարրերը, որոնք խոչնդոտ են հանդիսանալու բուժման համար: Իսկ ի՞նչ հասկանալ համակարգային փոփոխութիւն ասելով. մենք փոխում ենք մեր շարժման առանցքը, մեր համակարգը, փոխում ենք մեր արեւը, քանզի այն ամէնեւին էլ արեւ չէ, այլ հասարակ մոլորակ, որն ընդամէնը արտացոլում է արէգակնային լոյսը: Փոխարինում ենք ան, ոչ թէ մէկ այլ նման մոլորակով, այլ մի միայն իրական արեւով: Փոփոխութիւնները չպէտք է լինեն առաջնային-ամէնաարեւոր եւ վերջնային-անկարեւոր հերթականութեամբ, այլ նրանք պիտի ընթանան զուգահեռ, համընթաց, միաժամանակ եւ կազմակերպուած եւ ոչ հախուռն կամ պահի ազդեցութեամբ: Ի՞նչն է պէտք փոխել-փոփոխել. աշխարհահաեացքը, հոգէբանութիւնը, մտաւորականութիւնը, մշակոյթը, իշխանութիւնը եւ անգամ գիրն ու լեզուն: Որն է յեղափոխութեան գլխաւոր զէնքը. Կրթութիւնը եւ նուիրեալ, գաղափարակիր մարտիկները: Պայքարի ձեւը. մէկ ձեռքում սուր, իսկ միւսում գրիչ: Թէրեւս հաւանական է սուրն այդպէս էլ չօգտագործել, սակայն այն չի օգտագործուի մի դէպքում, եթէ ունես այն եւ պատրաստ ես այն օգտագործել: Ի նկատի է պէտք ունենալ Չէի մտքերից մէկը, որ եթէ մի երկրում տեղի են ունեցել ընտրութիւններ եւ թէկուզ կեղծուած, ամէնայն հաւանականութեամբ այնտեղ հնարաւորութիւն կարող է լինել անարիւն յեղափոխութեան: Որպէս յեղափոխութեան ուղեցոյց եւ նախաօրինակ լաւագոյններից եմ համարում ֆրանսիական մեծ յեղափոխութիւնը եւ XX-րդ դարի սկզբում Չինաստանում Սուն Եաթ Սէնի իրականացրած յեղափոխութիւնը: Ի՞նչ էր կատարւում երկու դէպքում էլ. նախայեղափոխական հզօր ալիք, որն արթնացրեց ազգաբնակչութեանը: Ֆրանսիայում այդ ալիքը կոչուեց լուսաւորականութեան շրջան, երբ գիտնականները եւ արուեստագէտները լծուեցին բնակչութեան կրթութեանը, բերեցին աշխարհահայեացքի փոփոխութիւն, մշակոյթի փոփոխութիւն: Սկսուել էր կրթութեան շրջան, արուեստը եւ գիտութիւնը դուրս էին պրծել պալատական խամաճիկի ու կամակատարի իրենց դէրից եւ ներ մտել ժողովրդական մեծ զանգուածների մէջ: Ժողովրդական զարթոնքից յետոյ տեղի ունեցան ընդվզումներ, ստեղծուեցին ժողովրդական բանակներ, ընդվզումներին միացան զօրամասեր: Սակայն այս ամէնը միայն սկիզբն էր յեղափոխութեան: Այդ ամէնից յետոյ գալիս են եւս ոչ պակաս կարեւոր փուլեր յեղափոխութեան ձեռքբերումների պահպանման համար: Ֆրանսիայում տեղի ունեցան լեզուական ռեֆորմներ, որոնցից մէկը ազնուական տիտղոսների կիրառման արգելումն էր, մշակոյթային ռեֆորմներ՝ արգելուեցին պալատական տօնախմբութիւնները, մի շարք այգիներ եւ զբոսայգիներ բացուեցին հանրութեան առաջ, ինչպէս նաեւ փոխուեց կառավարման ձեւը եւ կառավարութիւնը: Սակայն այս ձեռքբերումները երկար չպահպանուեցին: Ինչու՞: Քազի իշխանութեան գլուխ էին հասնում ու մէկը միւսին փոխարինում անազնիւ եւ անբարոյ ղեկավարներ, ում համար սեփական շահը գէրակայ էր հանրայինից: Նման յեղափոխական ղեկավարներից էր Բոնապարտը, ով լինելով սիրուած եւ վստահուած ժողովրդի կողմից, օգտուելով առիթից՝ աստիճանաբար չեղարկեց ռեֆորմների մի մասը եւ վերջնական իր իշխանութիւնը ամրագրելու համար երկիրը վերածեց կայսրութեան, ինքն էլ թագադրուեց որպէս կայսր: Յիշեցնեմ, որ Բոնապարտը նոյնպէս յեղափոխականների այն շարքից է եղել, որոնք լինելով նուրեալ, հասել են իշխանութեան, կորցրել յեղափոխական սկզբունքները:
Եզրակացութիւն. որ յեղափոխութեանը անհրաժեշտ են իրապէս ազնիւ ու գաղափարակիր մարտիկ-առաջնորդներ:
Ամփոփեմ. Յեղափոխութիւնը համակարգային փոփոխութիւն է եւ ոչ մէկ կամ երկու ոլորտի: Պայքարի ձեւերը՝ գրիչ եւ սուր, առանց որեւէ մէկի առաջնայնութեան: Յեղափոխութեան առաջ դրուած խնդիրները լուծւում են զուգահեռ, չկայ գէրակայ եւ ստորադաս պահանջ: Յեղափոխութիւնը ինքնաբուխ չի կատարւում, նրան անհրաժեշտ է բանիմաց, ազնիւ եւ նուիրեալ առաջնորդ: Յեղափոխութիւնը շարունակական պրոցես է, այն նման է ինքնակրթութեան, որտեղ ինքնութիւնը ժողովուրդն է: Եւ վերջապէս յեղափոխութեան նպատակը. Արդարութիւն, ազատութիւն, հաւասարութիւն բոլորի համար համարժէք: (Շատ մտքեր բաց թողեցի, բայց բաւարարուեմ թէրեւս այսքանով-22,Է,ՍԺԵ)

No comments:

Post a Comment